Սպիտակ տունն իմպիչմենթի գործընթացին չի մասնակցի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Սպիտակ տուն

Սպիտակ տունը Ներկայացուցիչների պալատի դատական գործերի հանձնաժողովին զգուշացրել է, որ դեկտեմբերի 4-ին իմփիչմենթի լսումներին չի մասնակցելու։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ գրել է Politico պարբերականը։

Նախորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի դատական գործերի հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել էր իմփիչմենթի լսումների՝ դեկտեմբերի 4-ին և խնդրել պատասխանել մինչև դեկտեմբերի 1-ի տեղական ժամանակով ժամը 18.00-ն։

Նա նաև Թրամփին խնդրել էր այդ ժամանակահատվածում, կողմնորոշվել իրավաբանի թեկնածության հարցում, որը հանձնաժողովում կներկայացներ նախագահին։ Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի դատական գործերի հանձնաժողովն արդեն մինչև դեկտեմբերի 6-ն էր ժամանակ տվել Թրամփին՝ պատասխանելու լսումներին նրա փաստաբանի մասնակցության մասին, միևնույն ժամանակ, լսումների ամսաթիվը՝ դեկտեմբերի 4-ը, չի փոխվել։

Ավելի վաղ Թրամփը չէր բացառել, որ ցուցմունքներ կտա Կոնգրեսում, իմփիչմենթի դիտարկման շրջանակում։

Դեմոկրատներն իմփիչմենթի գործընթաց են սկսել Թրամփի դեմ՝ կասկածելով, որ նա ձգձգել է Ուկրաինային ռազմական օգնությունը՝ դրա դիմաց պահանջելով հետաքննություն սեփական քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի դեմ։

Դեմոկրատները վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, ինչը թույլ է տալիս Թրամփին իմփիչմենթի ենթարկել այդ պալատում, բայց Սենատում նախագահին հանելու համար կպահանջվի ձայների երկու երրորդը, իսկ հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ իմփիչմենթ իրականացնել։