Թուրքական մամուլն արձագանքել է Հայաստանի վրա հարձակման պլանի բացահայտումներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

թուրքական

Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։

Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում նրանք բոլորն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամներ։

Թուրքական իշխանամետ մամուլն անդրադարձել է այդ հրապարակմանը՝ նշյալ տեղեկությունները հրապարակող լրագրողներին անվանելով դավաճաններ, որոնք մատնում են Թուրքիային և գործում պետական շահի դեմ։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ իշխանական մամուլը ոչ թե հերքում է «ALTAY» ծածկանվամբ Հայաստանի դեմ ռազմական արշավի ծրագրի առկայությունը և կասկածի տակ առնում նման ծրագրի գոյությունն ընդհանրապես, այլ այն հրապարակողներին մեղադրում է պետական դավաճանության մեջ։

Թուրքական մամուլը նույնպես ընդգծում է այդ տեղեկությունը հրապարակողների՝ գյուլենական շարժման անդամ լինելու հանգամանքը և անդրադառնում Հայաստանի ու Հունաստանի արձագանքներին։

Հունական մամուլում տեղ գտած մեկնաբանություններում կան այնպիսի տեսակետներ, ըստ որոնց՝ Սիրիայից հետո չի բացառվում, որ Թուրքիան հայացքն ուղղի դեպի Հայաստան։