Մարուքյանը՝ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոնների ազատականացման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

1

«Իշխանություններն առաջարկել են, որ այդ օրինագծով ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոնները եւս ազատականացվեն եւ հնարավոր լինի համակարգից դուրս նշանակում անել»,- անդրադառնալով իրենց ներկայացրած հայտնի օրինագծին՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք առաջարկել ենք, որ այդ պայմանն ընդունելի կլինի, եթե նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքում կետ ավելացվի, որով ԱԺ խմբակցության գրության հիման վրա կառավարության ենթակա եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները գան խմբակցություններ եւ պատասխանեն խմբակցության անդամների հարցերին:

Այս հարցում դեռ կոնսենսուս չկա, բանակցությունները շարունակվում են»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ երկու տարբերակ կա՝ կա՛մ հետաձգել, կա՛մ մերժել. «Քանի որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունված է, այն պարտադիր քննարկման ենթակա հարց է: Մենք հիմա բանակցում ենք, որ նախագիծն ընդունվի ամբողջությամբ: Եթե մենք չհամաձայնենք, ապա իրենք ամբողջությամբ փաթեթը կմերժեն»: