Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքը վերածվելու է հյուրանոցի․ «Ermenihaber»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

stambul

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն քննադատել է մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյին պատմական շինությունների վերականգնման ընթացքում ցուցաբերած անտարբերության համար՝ տեղեկացնելով, որ վերականգնման ընթացքում վնասել են պատմական մի շարք շինություններ: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նախարար Էրսոյը գրավոր պատասխանել է ընդդիմադիր պատգամավորին՝ անդրադառնալով նաև Թուրքիայում հայերից բռնագրավված պատմական «Սանասարյան հան» շենքին, որը, ըստ վերջին լուրերի, շուտով շահագործվելու է որպես հյուրանոց:

Ըստ աղբյուրի՝ Էրսոյը նաև նշել է, որ «Սանասարյան հան» անշարժ գույքի վերաբերյալ շարունակվում է իրավական գործընթացը և պնդել, որ գույքը պատկանում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Թուրքական դատարանի որոշմամբ «Սանասարյան հանը» 2018-ին վերադարձվել էր Պոլսի հայոց պատրիարքարանին, բայց հետո նորից պետականացվել է:

«Սանասարյան հան» շենքի նկատմամբ այդ խախտումները վարձակալի կողմից են իրականացվել:

«Շրջանային պաշտպանության խորհրդի փոխանցմամբ` 4 անգամ արդեն դատական հայց է ներկայացվել»,-ասել է նախարարը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ «Սանասարյանի հանը» կառուցվել է Ստամբուլում 1881 թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:

Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

2018 թ. Ստամբուլի Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հանը» հայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել, ըստ որի՝ հայցը մերժվել էր, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատական գործը: Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով, սակայն, դատական որոշումը բեկանվել էր: