ՀՀ-ն ու Հորդանանը պատրաստ են իրացնել համագործակցության զարգացման չօգտագործված ներուժը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

.

Հայաստանն ու Հորդանանը երկկողմ պատրաստակամ են  գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում համագործակցության դեռևս չօգտագործված ներուժի լիարժեք իրացման համար: Այս մասին Երևանում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադի հետ համատեղ ասուլիսում վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք լավատես ենք հայ-հորդանանյան քաղաքական ու տնտեսական հարաբերություններին նոր մակարդակ հաղորդելու հարցում: Իհարկե, առկա է տարբեր ոլորտներում համագործակցության առավել զարգացման և հարստացման դեռևս չօգտագործված ներուժ: Սակայն այսօր վստահությամբ կարող եմ նշել, որ առկա է երկկողմ պատրաստակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկելու այդ ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ»,-ասաց Մնացականյանն ու նախարարի հետ  հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ուրվագծած հեռանկարները համարեց դրա վառ վկայությունը:

Նախարարները բավականին ընդարձակ քննարկում են ունեցել թե երկկողմ, թե բազմակողմ շրջանակներում, թե ինչպես կարող են ամրապնդել ու խորացնել համագործակցությունը համապատասխան ոլորտներում: Մնացականյանը նշեց՝ կան բավական հետաքրքիր հեռանկարներ՝ և բարձր տեխնոլոգիաների, և ագրոբիզնեսի, և տուրիզմի, դեղագործության և այլ բնագավառներում, որտեղ իրապես հնարավոր է  անել շատ գործնական քայլեր: «Եվ մենք այսօր կարողացանք ուրվագծել այն, ինչ մեզնից է կախված՝ ստեղծել հարթակներ, որտեղ մեր գործարար շրջանակները կկարողանան շատ ավելի կոնկրետ համաձայնությունների գալ: Եվ այդ հեռանկարները չափազանց երևելի են»,-ասաց նախարարը:

Մնացականյանը կարևոր համարեց նաև Երևանի և Ամանի միջև ուղիղ թռիչքների հաստատումը: Նախարարի կարծիքով՝ դա կնպաստի երկկողմ հարաբերությունների սերտացմանը: «Այս հարցով ևս ունեցանք որոշ քննարկումներ և կփորձենք մեր կողմից անել հնարավորը, որ իրականացնենք դա: Դա կնպաստի տուրիզմի զարգացմանը»,-նշեց Մնացականյանը:

Նախարարները քննարկել են նաև միջազգային հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակ: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը: Մնացականյանը վստահ է, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացի:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին Հայաստանի հետ համագործակցության զարգացման համար զբոսաշրջությունը համարում է անկյունաքարային ուղղություն:  « Մենք բավականին համեստ առևտուր ու տնտեսական գործունեություն ենք ծավալում միմյանց հետ: Մենք փորձեցինք գործնական կերպով գտնել այն ասպարեզները, որտեղ համագործակցությունը կարող ենք առաջ տանել: Զբոսաշրջությունը անկյունաքարային այդպիսի ուղղություններից մեկն է »,-ասաց Այման Ալ Սաֆադին:

Նա առևտուրը, դեղագործությունը, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը համարեց ասպարեզներ, որտեղ Հայաստանն ու Հորդանանը կարող են համագործակցել՝ գործնական քայլեր կատարել՝ տնտեսական համագործակցության  ծավալներն աճեցնելու համար:  Նախարարը նաև նշեց՝ շատ հպարտ են, որ շատ կենսունակ հայկական համայնք ունեն Հորդանանում:

« Մենք պետք է համապատասխան նախապատրաստական աշխատանք կատարեք, որպեսզի մեր հարաբերությունները հետայսու առաջ տանենք: Շատ հաջող հանդիպում էր, խոստումնալից ներուժ կա: Երկուսս էլ հաստատակամ ենք  առաջ տանել հարաբերությունները: Մենք երկրներ ենք, որոնք շատ նմանություններ ունեն, պատրաստակամ են ընթանալ ուղիով, որը տանում է դեպի փոխադարձ շահավետ համագործակցություն »,- Այման Ալ Սաֆադին:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս