Արսեն Թորոսյանը կոչ է անում երեխաների համար չգնել կենցաղային պայթուցիկներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

.

ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումը օրենքով կանոնակարգել, սակայն մինչ այդ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է երեխաների համար չգնել  պայթուցիկ սարքեր: Նախարար Թորոսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ցավոք սրտի ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում մեր որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով: Քիչ առաջ ահազանգ ստացա իմ մանկական վիրաբույժ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով: Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով: Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին»,-նշել է նախարարն ու հորդորել  նույնն անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին:

Նախարարը կից հրապարակել է նաև երեխայի մատների ռենտգեն նկարը: