Unibank

Unibank Mobile

ExpoDubai-2020-ին ՀՀ մասնակցությունը կխթանի ԱՄԷ-ի հետ համագործակցությունը. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի՝ Միավորման օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, ասել է.

«Ձե՛րդ գերազանցություն պարոն դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Զաաբի,
Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Հարգարժա՛ն ներկաներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն շնորհավորում եմ բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ ազգային տոնի՝ Միավորման օրվա առթիվ:

48 տարիների ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններն առաջ է շարժվել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտների զարգացման հստակ ուղիով՝ միաժամանակ դառնալով խաղաղության և հանդուրժողականության գաղափարների առաջամարտիկը տարածաշրջանում:

Շեյխ Զայեդի օրոք սկիզբ առած հայ-էմիրաթական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ:

Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները:

Մեր օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել Ծոցի երկրների հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացումը:

Հայ-էմիրաթական հարաբերություններում, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը:

Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում ենք որպես կարևորագույն կամուրջ՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև։

Միևնույն ժամանակ Հայաստանը բարենպաստ հարթակ կարող է լինել Արաբական Միացյալ Էմիրությունների համար՝ ԵԱՏՄ մեծ շուկա մուտք գործելու համար:

Երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման և ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ այս տարվա մայիսին գումարված Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը, որի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը նոր լիցք է հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Երկկողմ համագործակցության զարգացման համար նոր խթան կհանդիսանա ExpoDubai-2020 ցուցահանդեսին Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությունը:

Մենք կողջունենք և կաջակցենք նաև էմիրաթական կապիտալի ակտիվ մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում:

Հարգելի՛ ներկաներ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին և անձամբ դեսպանին, ում անմիջական ջանքերի շնորհիվ Հայաստանում մի շարք բարեգործական, կրթական և սոցիալական ծրագրեր են իրականացվում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին՝ Միավորման օրվա առթիվ, և մաղթում խաղաղություն, բարեկեցություն և հարատև բարգավաճում»:

Տեսանյութեր

Live

Լրահոս