Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքը, ըստ լուրերի, վերածվելու է հյուրանոցի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 02, 24News

.

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն քննադատել է մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյին պատմական շինությունների վերականգնման ընթացքում ցուցաբերած անտարբերության համար:

Էրմենիհաբերի փոխանցմամբ պատգամավորը նկատել է տվել, որ վերականգնման ընթացքում վնաս են հասցվել պատմական մի շարք շինությունների: 

Նախարար Էրսոյը գրավոր պատասխանել է ընդդիմադիր պատգամավորին՝ անդրադառնալով նաև Թուրքիայում հայերից բռնագրավված պատմական «Սանասարյան հան» շենքին:

Վերջերս լուրեր են շրջանառվում, որ հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես հյուրանոց:

Էրսոյը նշել է, որ «Սանասարյան հան» անշարժ գույքի վերաբերյալ շարունակվում է իրավական գործընթացը և պնդել, որ գույքը պատկանում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Թուրքական դատարանի որոշմամբ «Սանասարյան հանը» 2018-ին վերադարձվել էր Պոլսի հայոց պատրիարքարանին, բայց հետո նորից պետականացվել է:

Նրա խոսքով` «Սանասարյան հան» շենքի նկատմամբ այդ խախտումները վարձակալի կողմից են իրականացվել:

«Շրջանային պաշտպանության խորհրդի փոխանցմամբ` 4 անգամ արդեն դատական հայց է ներկայացվել»,-ասել է նախարարը:

Նշենք, որ «Սանասարյանի հանը»  կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: