Շուշիի բանտարկյալներին Ադրբեջանին հանձնելը նշանակում է՝ ներել նրանց գործած արարքը․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

քաղաքական

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հայտնել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ 24News-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ հասկանալու, թե բանակցային գործընթացում ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։

«Մենք միշտ արժևորել և նշել ենք, որ ցանկացած այսպիսի հանդիպում կարևոր է, նախ և առաջ, այն տեսանկյունից, որ դրանք պահպանում են, ապահովում են բանակցային գործընթացի շարունակականությունը, ինչը կարևոր է հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան բարդ հակամարտության կարգավորման համար։

Հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ քաղաքականությունը, հայատյացությունը՝ սպասել, որ կարող է ինչ-որ բեկում արձանագրվել, թերևս շատ ու շատ վաղաժամ է», - նշեց Բաբայանը։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերին՝ Նյու Յորքում։ Հանդիպման ընթացքում հայկական կողմը շեշտել էր Ադրբեջանի տարածքում կալանքի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հայրենադարձության ապահովման անհրաժեշտությունը: Ադրբեջանում պահվում են Հայաստանի և Արցախի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը և Արայիկ Ղազարյանը։

«Շատ կուզեի, որպեսզի լինի փոփոխություն, մենք համոզված ենք, որ գերիներ չպետք է լինեն, կապ չունի հակամարտությունը շարունակվում է, թե ոչ։ Պետք է այնպես անել, որպեսզի մեր քաղաքացիները վերադառնան հայրենիք։ Ադրբեջանն անընդհատ շահարկում է Շուշիի բանտում գտնվող երկու ահաբեկիչներին՝ ցանկանալով նրանց փոխարինել հասարակ քաղաքացիների, մոլորված զինծառայողների հետ, որոնք պատահաբար հայտնվել են հակառակորդի սահմանում։ Սա անթույլատրելի է։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ Գուրգեն Մարգարյանին գլխատած մոլագար Սաֆարովը լիներ Երևանում բանտարկված և ադրբեջանցիները անընդհատ ցանկանային նրան հետ բերել, դա ինչպե՞ս կընկալվեր հասարակության կողմից։ Այդ երկուսը, որոնք գտնվում են Շուշիի բանտում, նույն ոճրագործությունն են կատարել, սպանել են երկու հոգու, այդ թվում՝ երեխայի։ Նրանց հանձնել Ադրբեջանին նշանակում է՝ ներել նրանց գործած արարքը», - մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը։

Սոնա Գրիգորյան