Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՌԴ Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային քառօրյա այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկովի գլխավորած պատվիրակությանը:

Այցի հիմնական նպատակն է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում է համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացում, համախմբել կողմերի գիտական և մանկավարժական ներուժը, իսկ քաղաքացիական պաշտպանության ոլորտում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար արդյունավետ համակարգ ստեղծելու հնարավորություններ:

Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում ընդգծեց երկկողմ համագործակցությունը զարգացնելու ներուժի առկայությունն ու անհրաժեշտությունը՝ կարևորելով ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը: Ըստ նախարարի՝ բուհերի միջև փորձի փոխանակումը կդառնա ամուր հիմք՝ գործնական համագործակցության համար:

Զրուցակիցները քննարկեցին համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:

Վիկտոր Պանչենկովն էլ իր հերթին կարևորեց համաձայնագրի կնքումը՝ երկու կողմերին մաղթելով արդյունավետ համագործակցություն:

Աշխատանքային քառօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կունենա հանդիպումներ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի հետ, կլինեն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, 911 ծառայությունում, հանդիպում կունենան Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անձնակազմի հետ, կլինեն նաև Հայ-ռռուսական հումանիտար կենտրոնում: