Քաղաքապետարանին «ԿամԱԶ-ներ» նվիրելու փաստով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Քաղաքապետարանին «ԿամԱԶ-ներ» նվիրելու փաստով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովի նախագահ է լինելու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018-ի սեպտեմբերից սկսած՝ տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման, պայմանագրերի, ինչպես նաև Երևանի համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,- ասել է Միրզոյանը, ապա հավելել, որ ԱԺ-ի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի վեցերորդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստում:

ԱԺ խոսնակը նաև նշել է, որ մեկնաբանություններ են եղել, թե պետք է ձևակերպումն այնպես լիներ, որ հստակ լիներ՝ օրենսդրության կատարման մոնիտորինգի հետ վերահսկողության հետ կապված է ստեղծվում քննիչ հանձնաժողովը, որպեսզի տպավորություն չլինի՝ ԱԺ-ն պիտի գործի իր սահմանած իրավասություններից դուրս:

«Այնուամենայնիվ, քննիչ հանձնաժողովը պետք է համարել ստեղծված, քանի որ, ըստ էության, կա քաղաքական կամք՝ բոլոր անհայտ կամ կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու, և կա քաղաքական կամք՝ տպավորություն չգործելու, որ քաղաքական մեծամասնությունը որևէ բան կոծկելու մտադրություն ունի»,- ասել է Միրզոյանը: