Գեղհովիտում թալանել են դպրոցի ուսուցչի խանութը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

խանութ

Ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով:

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի սահմանում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել Գեղհովիտ գյուղի բնակիչ, 59-ամյա Գնել Մելիքյանից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմանում, անհայտ անձինք Գեղհովիտ գյուղի՝ իրեն պատկանող մթերային խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են և այնտեղից հափշտակել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննչական բաժանունքի հետաքննիչ Ռաֆայել Մուշեղյանը, ում կողմից դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրը նշում է, որ գողություն արել են 3 հոգով և նրանք իրենց սև գործն անելուց հետո «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Խանութը պատկանում է նույն գյուղի 2-րդ դպրոցի ուսուցիչ Գ. Մելիքյանին, որը գյուղում համարվում է բարեհամբույր մարդ ու նույնիսկ շատերը գյուղում վկայում են, որ նրա խանութից գյուղացիները ապրանքները գնում էին երբեմն «նիսիայով» ու շատ դեպքերում խանութի տերը «համաներում էր անում», ասելով՝ մարդիկ սոցիալական այս պայմաններում ի վիճակի չեն պարտքերը մարելու:

«Հիմա զարմանում ենք, թե որոնք են եղել այդ ստահակները, որ թալանել են գյուղում ամենասիրված ու հարգված մարդկանցից մեկի խանութը»,-նշում է բնակիչներից մեկը:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Տեսանյութեր

Live

Լրահոս