Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները լուրջ ու ծանր էին․ Մամեդյարով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «լուրջ» ու «ծանր» է որակել Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։

«Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ անցկացրեցինք 3,5 ժամանոց բանակցություններ։ Կարող եմ ասել, որ դրանք լուրջ ու ծանր բանակցություններ էին։ Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր», - ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման փուլային քայլերը։

Մամեդյարովը շտապել է հայտնել, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է։

«Առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետևանքների վերացումը, որը երաշխավորում է հայկական զորքի անհապաղ, ամբողջական ու անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից ու հարակից օկուպացված տարածքներից, ինչպես դա նախատեսվում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերով։ Դա լավ հնարավորություն կբացի երկրորդ քայլի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար», - ասել է նա։