ՊՆ-ն առաջարկում է հետուսումնական ծառայության սպաներին զրկել գույքահարկի արտոնությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ՊՆ-ի կողմից E-draft.am-ում քննարկման է դրվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով  հստակեցվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, որը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ իրականացվում է զորակոչի միջոցով, հստակեցվում է գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, հստակեցվում են համապատասխան շահառուների համար գույքահարկի արտոնության իրավունքի դադարեցման հիմքերը:

Նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը:

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է` շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի, պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս, պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը:

Նույն հոդվածի 8-րդ մասի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ կնքվում են տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաև ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն:

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ առաջին պայմանագիրը կնքվում է ռազմաուսումնական հաստատություն ընդունված` 18 տարին չլրացած քաղաքացու կամ մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում հաշվառված արական սեռի կամ իգական սեռի քաղաքացու հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ:

Պայմանագրի սույն կետում նշված ներառման պարտադիր պայման է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության նախատեսումը:

Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է` ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների համար` համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի: