ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադիմում է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և պահանջել է պատասխանել վերջերս բացահայտված՝ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմական պլանին վերաբերող մի քանի հարցի:
«Վերջերս լրատվամիջոցներում հայտնվել էր մի փաստաթուղթ, որը բացահայտում էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ուղղված «Ալթայ» ծրագրի «Օղուզթուրք» ռազմաօդային գործողությունը, որը մեծ անհանգստություն է պատճառել Հայաստանի ժողովրդին:
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին ուղղել ենք հետևյալ հարցումները.
·Արդյո՞ք Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ ունի նման ծրագիր: Խնդրո առարկա ծրագիրը դեռ ուժի մե՞ջ է:
·Ի՞նչ պատրվակով և ի՞նչ նպատակով է այս ծրագիրը կազմվել:
·Արդյոք Հայաստանի ժողովրդի շրջանում առաջացած մտահոգությունը փարատելու և խաղաղության ակնկալիքը վերակենդանացնելու համար ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ եք»:
Նշված հարցադիմումը Փայլանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ շվեդական «Nordic Monitor» կայքը հրապարակել է գաղտնի նյութեր, որոնք վկայում են Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին: Ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ ծրագրված է եղել «Օղուզթուրք» կոդային անվամբ ավիահարվածներ հասցնել Հայաստանին: Ամբողջ գործողությունը կոդավորված է եղել «Ալթայ» անվամբ և հաստատվել է 2001 թվականին: