Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Սերժ Սարգսյան

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող փաստաբանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ բողոք է ներկայացրել Դատախազություն։ Ներկայացված բողոքը վերաբերում է հետևյալին, որ ՀՀ նախագահը, համաձայն 2005թ. և 2015թ. Սահմանադրության, անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահը իր լիազորությունների թե՛ ժամկետում, թե՛ ժամկետի ավարտից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։