Սուրենի նշանակումը ապտակ է․ Սարհատ Պետրոսյանը ողջունել է Կադաստրի ղեկավարի նշանակումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Սարհատ

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ողջունելով Կադաստրի կոմիտեի նոր ղեկավարի նշանակումը։ 

«Սուրեն Թովմասյանին Կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակելու կառավարության որոշումը շատ ուրախալի ու ողջունելի է։

Նախ այն պատճառով, որ կառավարությունը հետ չբերեց համակարգի նախկին կոռումպացված ու անհոգի «ոլորտի լավագույն մասնագետների», բայց հատկապես այն պատճառով, որ Սուրենի նշանակումը շատ լավ պատասխան (եթե ոչ ապտակ) է «կադաստրը գրանցող մարմին է միայն»  դիլետանտական միտքը արտահայտողներին։

Կարծում եմ, սրանում նաեւ մենք ունենք մեր «մեղքը», որ կարողացանք կադաստրին հանել պարզապես անշարժ գույքի ռեգիստրի կարգավիճակից։ Հույս ունեմ, որ էլ ավելի հետևողական կերպով այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,-գրել է Սարհատ Պետրոսյանը։

Հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտնել էր, որ  հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հայտարարության մեջ նշել էր, որ որոշման պատճառը  մասնագիտական է: