Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որոշ աշխատակիցներ ծառայողական քննություն կանցնեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հանրապետությունում գործող գազալցակայաններում տեղադրված սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակը։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Այս նպատակով ստուգայցերը կրում են պարբերական բնույթ։ Տարվա կտրվածով այս ուղղությամբ հարուցված վարչական վարույթների թիվն արդեն գերազանցում է 300-ը։

Հերթական դիտարկման ընթացքում հանրապետական նշանակության ճանապարհի Երեւան-Գյումրի հատվածում գործող գազալցակայաններից մեկի սանհանգույցում արձանագրվել են սանիտարական նորմերի խախտումներ։

Այս տնտեսվարողի հանդեպ այս տարվա նոյեմբերին կայացվել է վարչական վարույթի կարճման որոշում՝ խախտման բացակայության հիմքով։

Սակայն, քանի որ վերջին դիտարկումը, այնուամենայնիվ, բացահայտել է խնդիրներ, ծառայողական քննություն կիրականացվի ԱԱՏՄ այն աշխատակիցների հանդեպ, որոնք ներգրավված են եղել վարույթի կարճման գործընթացին նախորդած զննմանը եւ արձանագրություն են կազմել տվյալ սանհանգույցում խախտումների բացակայության վերաբերյալ։