«Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատիրոջ որդին դիմել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հայտնի գործարար, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ 26-ամյա Վահագն Արսենյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն և հայտնել, որ ինքը հանիդիսանում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, և «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին է պատկանում «Ջերմուկ» ապրանքանիշը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Վ. Արսենյանը տեղեկացրել է նաև, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 64-ամյա Սուրեն Բալայանը և Գորիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Բալայանը ապօրինի օգտագործում են «Ջերմուկ» ապրանքային նշանը, ինչի արդյունքում մոլորության մեջ են գցում սպառողներին, ստանում օգուտներ, սակայն խուսափում են հարկային պարտավորությունները կատարելուց, ինչից հետո ճանաչվում են սնանկ:

Վ. Արսենյանը հայտնել է նաև, որ իրենց կատարած գործողությունների արդյունքում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Բալայանը աշխատում է «Ջերմուկ Ակվա» և «Վանակվա Գրուպ» ՍՊԸ-ների տնօրեն և «Վանակվա Գրուպ» ՍՊԸ -ի միջոցով արտադրում և իրացնում են «Ջերմուկ Ակվա» ապրանքային նշանը կրող հանքային ջուր Հայաստանում և Արցախում: