Հունաստանը Լիբիայի դեսպանին 72 ժամ է տվել երկրից հեռանալու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

լիբիա

«Reuters»-ը գրում է, որ Հունաստանը որոշել է երկրից վտարել Լիբիայի դեսպանին՝ զայրացած Լիբիայի և Թուրքիայի միջև կնքված այն համաձայնագրից, որը ստորագրվել է նոյեմբերի 27-ին։ Դեսպան Մոհամեդ Յունիս Ա. Բ. Մենֆին տրվել է 72 ժամ երկրից հեռանալու համար։ Այդ մասին տեղեկացրել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ թուրք-լիբիական համաձայնագիրն անվանելով «միջազգային իրավունքի աղաղակող խախտում»։

Ըստ ԱԳ նախարարի՝ դեսպանի վտարումը չի նշանակում, թե Հունաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Լիբիայի հետ։

Թուրքիան և Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը ստորագրել են համաձայնագիր, որով սահմանվում են նրանց սահմանները, և համաձայնագիր անվտանգության և ռազմական համագործակցության ընդլայնման մասին։

Հունաստանը համաձայնագիրն անվանել է անհեթեթություն, որովհետեւ այն անտեսել է Կրետեի ներկայությունը Թուրքիայի և Լիբիայի ափերի միջեւ։