Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ հարթակ ԱՊՀ գիտնականների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News                     

Thumbnail

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է  ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովը, որի հիմնական նպատակն է ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների համագործակցությունը: Այդ մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Համաժողովի բացմանը  ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Կարևորելով համաժողովի անցկացումը` նա նշել է, որ այն համընկնում է ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75 ամյակի հետ:

Նախարարի խոսքով` հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների և առաջատար գիտահետազոտական  կենտրոնների պատվիրակություններ։

«Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ մեր հանրապետության ժողովրդավարական արժեհամակարգի և քաղաքացիական հասարակարգի  կայացման  գործընթացներում անգնահատելի է կրթության և գիտության դերը, որը նպաստում է երկրի զարգացմանը: Համաժողովի հիմնական նպատակն է զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ համաժողովն արդյունավետ հարթակ է անդամ պետությունների միջև նորարարական նախաձեռնությունների և համատեղ գիտական նախագծերի իրականացման, ինչպես նաև ուսանողների և գիտնականների շարժունության զարգացումը խթանելու համար:

Նախարարը հույս է հայտնել, որ համաժողովի ընթացքում գիտնականների միջև կձևավորվի կայուն գործակցություն, ինչը կնպաստի գիտական համատեղ  հետազոտությունների քանակի ավելացմանը և տարածաշրջանում երիտասարդ գիտնականների գործակցությանը:

Համաժողովի մասնակիցներին  ողջունել է նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Համաժողովի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 16-ին: Նախատեսվում է պլենար նիստ, որի ընթացքում ԱՊՀ պետությունների գիտնականները հանդես կգան ԱՊՀ-ում գիտության զարգացման հարցերի վերաբերյալ ելույթներով: Համաժողովի շրջանակում կանցկացվեն կլոր սեղաններ` «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտական համագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:

Միջոցառման ավարտին համաժողովը կընդունի հռչակագիր: ԱՊՀ գիտնականների երկրորդ համաժողովն անցկացվում է ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում գործակցության 2017-2018թթ. ծրագրի համաձայն: