ՊԵԿ-ը թույլ կտա ներմուծել աջ ղեկով մեքենաներ՝ դրանք ձախակողմյանի փոխարինելու պայմանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

աջ ղեկ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է` դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով լրացում է  կատարվել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1359-Ն որոշման մեջ: Արդյունքում, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն է ստեղծվում  «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ՀՀ ներմուծել նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ` դրանք վերամշակելու, ղեկային տեղաբաշխումը փոխելու և հետագայում` «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակով:
Սահմանային անցումային կետում լրացված տարանցման հայտարարագրի հիման վրա՝ տրանսպորտային միջոցները Գյումրիի մաքսատուն (իսկ հայ-իրանական սահմանով ժամանման դեպքում՝ Սիսիանի մաքսատուն) տեղափոխվելուց հետո հայտարարատուն ներկայացնում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի համար հայտարարագիր և ձևակերպման համար վերամշակման թույլտվություն: Վերջինս ստանալու նպատակով հայտարարատուն պետք է դիմի Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչություն (կամ Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն)՝ նշելով նաև ղեկի տեղաբաշխման փոփոխության համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետը։ 
Հարկ է հիշել, որ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնված ավտոմոբիլների շահագործումը արգելվում է: Այդ ընթացքում ավտոմեքենան պետք է տնօրինվի բացառապես դրա ղեկային տեղաբաշխումը փոխելու նպատակով: ՀՀ ոստիկանության կողմից կիրականացվեն օրինախախտների հայտնաբերման համար ուժեղացված հսկողություն, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ 
ՊԵԿ-ը  տեղեկացնում է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի հունվարի 1-ից փոփոխվելու են տրանսպորտային միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, ուստի 2019 թվականին ՀՀ ներմուծված և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ավտոմոբիլների համար հարկավոր է նաև ներկայացնել նախնական հայտարարագիր՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս պարագայում 30 օրվա ընթացքում վերամշակման գործողությունները ավարտելուց հետո արդեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխված ավտոմեքենան մաքսային մարմիններին բացթողնման ներկայացնելու դեպքում կկիրառվեն նախնական հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը: Հետագա խնդիրներից խուսափելու համար շատ կարևոր է գիտակցել, որ նախնական հայտարարագիրը ներկայացնելու օրվանից հաշվարկված 30 օր հետո կկիրառվեն 2020 թվականի դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը, այսինքն՝ ավելի բարձր դրույքաչափեր։
Կարևոր է նաև իմանալ, որ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» ընթացակարգը, ինչպես նաև նախնական հայտարարագրումը ավարտվում են ապրանքային հայտարարագրի ներկայացմամք, ինչն իրենից ենթադրում է ճանապարհածախսի և ապահովագրության գումարների ավելացում մաքսային արժեքի հաշվարկման ժամանակ։