ՔԿՀ-ների ծառայողները մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերել խուզարկությունների արդյունքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում են իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանն ուղղված, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը միտված համալիր միջոցառումները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, 2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողները նույն քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում, խցերում և այլ շինություններում համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություններ, որոնց արդյունքում թաքստոցներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մեծ թվով արգելված իրեր՝ 9 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 1 սմարթ-ժամացույց, 33 կտրող-ծակող գործիք, 1 USB լար, ականջակալներ, պարանով ամրացված պարկ՝ փոխանցումներ կատարելու համար:

Նույն օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ա. Ք. - ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ. Մ - ի տաբատի գրպանից հայտնաբերել են անհայտ ծագման կես դեղահաբ:

 

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: