11։41․․․ Աղետալի երկրաշարժից 31 տարի է անցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

երկրաշարժ

31 տարի առաջ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, ընդամենը 30 վայրկյանի ընթացքում Հայաստանի բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, շուրջ 500 հազար ընտանիք մնաց անօթևան․․․ Ցնցման ուժգնությունը կազմեց 6,8 մագնիտուդ՝ 9 բալ։

Երկրաշարժը գրանցվեց Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում, գետնին հավասարվեցին  Սպիտակն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Գյումրու 80 տոկոսը, վնասվեց Վանաձորը։ Երկրի տարածքի շուրջ 40 տոկոսն ավերածությունների ենթարկվեց․ Շիրակ, Լոռի, Արագածոտն, Տավուշ։

երկրաշարժ

 Հայաստանի հայտնվեց աշխարհի   ուշադրության կենտրոնում։   Երկրաշարժից անմիջապես հետո   տարբեր երկրներից հումանիտար   օգնության բեռներով Հայաստան   էին գալիս օդանավեր, գնացքներ,   ավտոմեքենաների շարասյուններ։   Համակողմանի օգնությանը   մասնակցում էր աշխարհի 113   երկիր, բազմաթիվ միջազգային   կազմակերպություններ։

 Վրաստանից, Ռուսաստանից,   Ուկրաինայից, Ղաղախստանից և   ԽՍՀՄ մյուս հանրապետություններից Հայաստան ժամանեցին հազարավոր փրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլ մասնագետներ։ Աղետյալներին օգնելու համար բերում էին սննդամթերք, բժշկական սարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա և այլն։

1989 թ. սկզբում աղետի գոտում աշխատում էր այլ հանրապետություններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետ։ Որոշել էին՝ ավերվածը պետք է վերականգնել երկու տարում։ Աղետի գոտուց շուրջ 170 հազար մարդ տեղավորվեց Կովկասի առողջարաններում ու հանգստյան տներում։ Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվեցին Խորհրդային Միության և արտասահմանի բուժարաններ։ Ամբողջ աշխարհն անշահախնդիր օգնություն էր ցույց տալիս ծանր կացության մեջ հայտնված հայ ժողովրդին։ 

երկրաշարժ

1990 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի օգնության հիմնադրամ  էր փոխանցվել արտասահմանյան երկրներում հանգանակված շուրջ 35 մլն դոլար։

Շատ պետություններ ու կազմակերպություններ աղետի գոտում ձեռնարկեցին բնակելի թաղամասերի, հիվանդանոցների, դպրոցների կառուցում։ 1989 թ. իտալացիները Սպիտակում կառուցեցին բնակելի թաղամաս՝ «Իտալական գյուղը», Գյումրիում թաղամաս կառուցեցին ավստրիացիները։

Նորվեգացիների՝ Սպիտակում կառուցած ժամանակակից հիվանդանոցը այսօր էլ կրում է մեծ մարզասեր, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անունը։ Գյումրիում անգլիացիների հիմնադրած դպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էր Անգլիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա աղետի գոտի օգնության շտապող հարավսլավացի 7 օդաչուներին, որոնք Երևանի մատույցներում զոհվեցին օդային աղետից, ինչպես նաև Գյումրու մոտակայքում ավիավթարից զոհված խորհրդային զինծառայողներին։ Հայ ժողովուրդը երախտագիտությամբ ընդունեց աշխարհի մարդասիրական օգնությունը։

 երկրաշարժ

Հայրենիքին լայն աջակցության  ձեռք մեկնեց սփյուռքահայությունը։ Ստեղծվեց «ՍՕՍ Արմենիա», «Ազնավուրը՝ Հայաստանին» և 10-յակ այլ կազմակերպություններ, որոնք նյութական ու բարոյական մեծ օգնություն էին ցույց տալիս։  Բազմաթիվ սփյուոքահայեր  շտապեցին իրենց հետ մայր  հայրենիք բերել դեղորայք, հագուստ,  վրաններ, սննդամթերք և այլն։

Շատերը մնացին Հայաստանում և  անմիջական մասնակցություն ունեցան փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։ Նրանց թվում էր նաև Շառլ Ազնավուրը…

Աղետի գոտում ծավալված շինարարական աշխատանքներին մեծապես արգելակում էր Ադրբեջանի տնտեսական շրջափակումը, որի հետևանքով անհրաժեշտ շատ շինանյութեր ու ապրանքներ տեղ չէին հասնում։

Ազնավուր

31 տարի է անցել ողբերգական օրվանից… Չնայած դրսից եկած անշահախնդիր մեծ օգնությանը՝ աղետի գոտու բնակչության մի մասը շարունակում է մնալ անօթևան, մի մասն էլ ապրում է «դոմիկներում»։

երկրաշարժ

 Այս ընթացքում մի քանի   կառավարություն է փոխվել   Հայաստանում՝ խոստանալով   աղետի գոտին դարձնել   բարեկարգման գոտի, սակայն   անհրաժեշտ ամեն ինչ չէ, որ արվել   է։ Ավելին, տուգանվել են   շինարարական ընկերություններ,   որոնք համարձակվել են Գյումրիում   ոչ սեյսմակայուն, բազմաթիվ   խախտումներով թաղամասեր   կառուցել։ Յուրաքանչյուր   դեկտեմբերի 7-ին խոստումները   շարունակվում են…

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն   Ազգային ժողովում հայտարարեց,   որ Գյումրի քաղաքը պետք է   ազատվի տնակներից․

«Քանի որ վաղը դեկտեմբերի 7-ն է` 1988թ. աղետալի երկրաշարժի տարելիցը, ուզում եմ ասել, որ աղետի գոտու առումով էլ 2020 թ. բյուջեն հեղափոխական է, որովհետև հաջորդ տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների գումար չի տրամադրվել, և մենք սրանով 2020 թ. լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է: Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի բոլորովին ուրիշ տրամաբանությամբ, և այդ փուլի իմաստն, այսպես ասած, սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ: Մենք պետք է աղետի գոտում արդեն խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու համար, և որպես այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ՝ ես ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»։

դոմիկ