Ջանջուղազյանը դեմ է Թորոսյանի նախաձեռնությանը․ ֆիննախը կողմ է 0-ին ոչ թե 3-ի կամ 6-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ջանջուղազյան

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առողջապահության համընդհանուր ապահովագրության ու 6 տոկոս առողջապահական հարկ սահմանելուն նախաձեռնությանը։

Ջանջուղազյանն իր ամփոփիչ ասուլիսում ներկայացրել է ֆինանսական բլոկի, ինչպես նաև Կենտրոնական բանկի հիմնավորումները նախաձեռնությանը դեմ լինելու վերաբերյալը։

Ֆինանսների նախարարն ասել  է, թե հարկային օրենսգրքի փոփոխություններով ուղղակի հարկերը նվազեցվել են, մասնավորապես եկամտային հարկը, որի նվազեցման հայեցակարգի հիմքում , ըստ Ջանջուղազյանի, այն տրամաբանությունն է, որ տնտեսվարողն ազատվի լրացուցիչ հարկային բեռից ու ազատված միջոցներով կարողանա ներդրումներ անել, ինչը կբերի հավելյալ արժեք գեներացնելուն։

«Իսկ հիմա կստացվի, որ մի կողմից արել են ուղղակի հարկերի բեռի նվազեցում, մյուս կողմից լրացուցիչ հարկային բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա,  նույն վարձու աշխատողը եթե դրա փոխարեն լրացուցիչ միջոցներ գեներացներ, կարող էր ինքը ներդրումներ կատարել թեկուզ փոքր մասնաբաժիններով: Հիմա կստացվի, որ այդ ներդրումների փոխարեն ներդրում է կատարվում առողջապահության համակարգում: Դրանով է պայմանավորված այս տեսակետը: Դրա համար կարծում ենք՝ դեռ վաղ է այդ որոշման մասին խոսել որպես արդեն կայացված որոշում: Պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա հարցը»,- նշել է գերատեսչության ղեկավարը։

Ջանջուղազյանի պնդմամբ՝ կան այլ փաստարկներ, որոնց ևս պետք է ուշադրություն դարձնել, օրինակ՝ առողջապահության համակարգում բացի պետբյուջեից կատարվող ծախսերը, մոտ երկու այդքան էլ ծախսվում է քաղաքացիների կողմից․

«Եթե ուշադրություն դարձնենք, քաղաքացիներն այնքան էլ բավարարված չեն, դժգոհություններն ավելի շատ են: Միգուցե պետք է քննարկել այլընտրանքային տարբերակներ, թե ինչպես այդ ծախսվող միջոցները ուղղորդել, որ հնարավոր լինի լուծել ապահովագրության խնդիրը՝ չծանրացնելով բեռը տնտեսվարողների վրա»:

Անդրադառնալով առողջապահական հարկի օպտիմալ շեմի հարցին՝ նախարարը նշել է, որ Ֆիննախի նախընտրած շեմը զրոն է, ոչ թե 3-ը կամ 6-ը:

«Մենք այնքան էլ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը առանց կորուստների կհասցնի այդ արդյունքներին: Այդպիսի կարգավորումները խոշոր հաշվով, կվերածեն  պետական ֆինանսավորման համակարգի ամբողջական ֆինանսավորման: Այդ մոդելը համենայնդեպս, մեր տարածքում եղել է և դժվար է գնահատել որպես ամենահաջողվածը: Ըստ էության, ստացվում է, որ ամբողջությամբ պետությունն իր վրա է վերցնում առողջապահության ֆինանսավորումը, որը որակի տեսակետից կարող է դիտարկվել խնդրահարույց»,- ասել է նա։