Հանրապետությունում մի քանի ավազակային հարձակում կատարած խումբ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ավազակային հարձակում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  դեկտեմբերի 6-ին ոստիկաններն ու քննիչները Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Խուրշուդյանին:

Բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել են Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել է գողացված ապրանքներ, դիմակներ:

Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը կասկածվում են դեկտեմբերի 6-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի, տարեց կնոջը պատճառել էին մոտ 2 մլն դրամի վնաս:

Ըստ աղբյուրի՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել են:

Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների շնորհիվ պարզվել է նաև, որ այս խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ է կատարել, այդ թվում՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, Երևանի «Ֆլեշ» բենզալցակայանում, Աբովյան քաղաքում,Արմավիրի մարզում։

Տանտիրուհին աղբյուրին պատմել է. «Գնացել էին Աբովյան՝ դեղատնից գնումներ կատարելու, էկա տուն, ուզեցի դեղս խմեմ, դուռը ծեծեցին։ Սկզբից չբացեցի, հարցրեցի՝ ո՞վ է, դրսից պատասխանեցին, թե՝ տատի ջան, մենք ենք։ Ես էլ, ճիշտն ասած, առանց կասկածելու, մտածեցի՝ երևի կամ էլեկտրոցանցից են, կամ ինչ-որ տեղից, դուռը բացեցի։ Բացեցի ու գլխիս վրա երկու դիմակավորված անձինք ատրճանակները պահեցին ու մտան տուն։ Անընդհատ պահանջում էին, որ՝ ձեն չհանես, թե չէ կսպանենք, տան ոսկիների ու փողերի տեղն ասա, քեզ ոչ մի բան չենք անի; Ես էլ նրանց ասացի, որ թոշակառու կին եմ, սակայն նրանք ողջ տունը տակնուվրա արեցին ու մի քանի կտոր ոսկեղեն ու գումար հափշտակեցին, իրենց հետ տարան։ Գնալուց էլ կտրեցին տան հեռախոսի գիծը, որ ես չկարողանամ զանգեմ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: