Հիմք չկա ենթադրելու, որ մոտ ապագայում ուժեղ երկրաշարժ կարող է լինել. ԱԻՆ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Լևան

ՀՀ–ում այս տարվա ընթացքում գրանցվել է 363 երկրաշարժ՝ 31-ով ավելի, քան 2018-ին և 144–ով ավելի, քան 2017-ին։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՆ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Պետրոսյանը նշել է, որ նրանց 150 սեյսմիկ կայանները շուրջօրյա սեյսմիկ մոնիտորինգ են անում, և ըստ այս պահին գրանցված տվյալների՝  հիմք չկա ենթադրելու, որ մոտ ապագայում ուժեղ երկրաշարժ կարող է սպասվել։

Ըստ սեյսմակայունության նորմերի՝ Երևանում կարող են կառուցվել մինչև 18 հարկանի շենքեր, սակայն դեռևս չհաստատված նորմերը թույլ են տալիս մինչև 24 հարկանի շենք ևս կառուցել, նկատել է Հրաչյա Պետրոսյանը, ապա հավելել, որ Երևանում 1989 թվականից առաջ կառուցված շենքերը ամրացնելու կամ նորով փոխարինելու կարիք կա։

«Երևանում կառուցվող շենքերը պետք է պարտադիր համապատասխանեն 9 բալ սեյսմիկ ուժգնության պահանջներին»,- ասել է Պետրոսյանը։