Ոմանց թվում է՝ ներդրումները պետք է լինեն ինչ-որ սև արկղի մեջ դրված գումարներ․ ֆիննախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

բակո

«ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ուղղությունը հստակ ամրագրված է իր ծրագրում։ Մենք ասել ենք, որ պետք է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, մրցունակության բարձրացմանն ուղղված, մասնակցային, ներառական տնտեսություն ունենալ, եւ դրա ուղղությամբ քայլեր են իրականացվում»,- անդրադառնալով որոշ տնտեսագետների պնդմանը, թե Հայաստանը չունի հստակ տնտեսական քաղաքականության, դրա համար էլ ներդրումներ չեն գալիս մեր երկիր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ներդրումների մասով էլ նախարարը  նկատեց. «Կա գաղափարական կաշկանդվածություն, որ այդ ներդրումները պետք է լինեն ինչ-որ սեւ արկղի մեջ դրված գումարներ, ինչ-որ մեկը պետք է գա այստեղ ու իրականացնի ինչ-որ խոշորամասշտաբ միջոցառում: Դա էլ կարող է լինել, բայց փոքր հավանականությամբ է դա տեղի ունենում այն երկրներում, որտեղ միջավայրը թափանցիկ է եւ բացակայում են խտրական մոտեցումները, չի տրվում որեւէ մեկին առանձնահատուկ նշանակություն, ոչ մրցակցային իրավիճակ չի ստեղծվում: Այդպիսի երկրներում նման զարգացման սպասումը այդքան էլ արդարացված չէ:

Ներդրումներ բերելու ճանապարհներից մեկը կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումներն են: Հիմա եթե մենք չունենք այն տեղը, որտեղ կարող է որեւէ մեկը կատարել իր ոչ թե 500 մլն դոլարանոց ներդրումը, այլ 5 հազար դոլարանոց ներդրումը, դա արդեն խոչընդոտ է: Մենք այսօր ստեղծել ենք նեթակառուցվածքներ, հնարավորություն տալիս ենք ներդրումներ անել պետական պարտատոմսերում, բայց դա չի լուծում խնդիրը: Մենք ենթադրում ենք, որ ներդրումները պետք է տեղի ունենան իրական հատվածում, ընկերությունների կապիտալում, իսկ դրա ճանապարհը եւ հեռանկարում կայացած ֆինանսական շուկա ունենալու տեսլականը մեր միջոցառումների բազմության որպես արդյունք ակնկալվում է ունենալ»,- եզրափակեց իր միտքը ֆիննախարարը։