«Փյունիկն» իր վրդովմունքն է հայտնել ՀՖՖ-ի որոշման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

/

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցած ՀՖՖ Գործկոմի արտահերթ նիստին, որի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում «Փյունիկի» կողմից առաջադրված Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չընդունվեց:

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խիստ վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության որոշմամբ` զրկել մեր թեկնածուին` Արսեն Աղաջանյանին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքից:

Մենք միանգամայն համոզված ենք, որ ներկայացված փաստաթղթերը լիովին համապատասխանում են ՀՖՖ կանոնադրության պահանջներին: Ցանկանում ենք ձեր ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ ընտրական իրավունքի մերժման որոշումը կայացրել է ֆեդերացիան, որը փաստացի ղեկավարվում է այս պաշտոնին հավակնող անձի կողմից, ստեղծելով շահերի ակնհայտ բախում, ինչն ինքնին հակասում է արդար և օրինական ընտրությունների տրամաբանությանը:

Կարծում ենք, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարների այս հերթական, ոչ կառուցողական քայլը ուղղված է ոչ միայն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի թեկնածուի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի դեմ անցյալի վատագույն ավանդույթներով:

Ցավոք սրտի, նախագահական և գործադիր կոմիտեի անդամների գալիք ընտրությունները վերածվել են հերթական քաղաքական պայքարի, իսկ ֆուտբոլի շահերն ու զարգացումը հետ են մղվել երկրորդ պլան: Կողմնակալ որոշումների սկզբունքները հայկական ֆուտբոլում արդեն երկար տարիներ մնում են անփոփոխ և արդեն իսկ հանգեցրել են կործանարար հետևանքների:

Վստահ ենք, որ նման պայմաններում անիմաստ է հայկական ֆուտբոլի լուրջ զարգացման կամ ապաքինման որևէ հույս փայփայել»,- ասված է «Փյունիկի» տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՖՖ նախագահի պաշտոնում Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չընդունելու որոշմանն անդրադարձել էր նաև «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

ՀՖՖ նախագահի ընտրությանը կմասնակցեն «Ուրարտուի» և «Վանի» կողմից առաջադրված ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս