Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի և հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ցեղասպանություն

2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ որոշել է հռչակել դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի, նրանց արժանապատվությունը փառաբանելու և այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օր (International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime): Օրն ընտրվել է այն կապակցությամբ, որ այդ օրը 1948 թվականին Գլխավոր ասամբլեան ընդունել էր Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատիժ սահմանելու մասին կոնվենցիան:

Բանաձևն ընդունվել է 69-րդ համագումարի 103-րդ պլենարային նիստի ժամանակ կոնսենսուսի հիման վրա. այն հաստատել են Ասամբելայի 80 անդամ երկրներ: Նախաձեռնությունը բխում էր Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանությունների կանխարգելման մասին դրույթներից, որոնք ընդունվել էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ համագումարի ժամանակ: Ներկայիս բանաձեւն ուղղված է Հայաստանի ջանքերի ամբողջացմանը, որոնք միտված են ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում միջազգային գործունեության խթանմանն ու կոնսոլիդացիային: