ՀՀ-ում 2018թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 23.5%․ ՀՀ վիճակագրական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

«Հայաստանում 2018թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 23.5%՝ այսինքն երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ ամեն չորրորդն ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով»,- ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան:

«Սա նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 23.5 տոկոս աղքատների մեջ 1 տոկոսը ծայրահեղ աղքատ է, 9.6 տոկոսը՝ չափավոր աղքատ, իսկ մնացած 12.9 տոկոսը՝ ուղղակի աղքատ: 2018թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով1), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 315 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 30 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թվաքանակը նվազել է»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարեւոր գործոնը 2018 թվականի տնտեսության աճն է, որը 2018թ.-ին՝ նախորդ տարվա նկատմամբ՝ 5.2 տոկոսով աճել է: