Առողջապահության նախկին փոխնախարարն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Երեւանի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։

Արսեն Դավթյանը, մեղադրական եզրակացության ընթերցումից հետո, իրեն մեղսագրված մեղադրական եզրակացությունը չընդունեց։

Նույն գործով մյուս ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանն էլ ընդունեց իրեն մեղսագրված մեղադրական եզրակացությունը՝ միայն մի քանի կետերի հետ չհամաձայնվելով։

Գործով մեղադրող դատախազն էլ դատարանին առաջարկեց սկզբում հետազոտել ապացույցները, հետո գործով վկաներին հարցաքննել, այնուհետեւ ամբաստանյալների հարցաքննություն իրականացնել։

Դատարանն անցավ գործում եղած ապացույցների հետազոտմանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող, ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` առանձնապես խոշոր չափերով կաշառք է տվել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: