«Այսօր ցնծան երկնայինքն»․ Հայ եկեղեցին նշում է Սուրբ Կույսի հղացման տոնը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Դեկտեմբերի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին  նշում է սուրբ Կույսի հղացման տոնը, որ կոչվում է նաև «Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից»։

Ավետարանում Սուրբ Մարիամ Աստվածածնի կյանքի պատմությունից հիշատակվում են միայն այն դրվագները, որոնք ուղղակի առնչություն ունեն Հիսուսի կյանքի և փրկչական տնօրինությունների հետ: Նրա կենսագրության մնացյալ, այսինքն՝ մեծագույն մասը, ամբողջացվում է այն ավանդություններով, որոնք մեզ են հասել եկեղեցական գրականության հետ:

Ըստ այդմ՝ Մարիամը Դավթի ցեղից էր: Նա աստվածատուր զավակ է, որովայնից ընտրյալ, և նրա ծնունդը հրեշտակն է ավետել: Աստվածածնի բարեպաշտ ծնողները՝ Աննան և Հովակիմը, թեև երկար տարիներ ամուսնացած էին, սակայն զավակ չունեին, քանի որ Աննան ամուլ էր: Նրանք միշտ անդադար աղոթում ու խնդրում էին Աստծուն, որ Նա իրենց զավակ պարգևի: Չնայած առաջացած տարիքին, չէին հուսալքվում և անընդհատ աղոթում էին Աստծուն` Նրանից ողորմություն հայցելով:

Եվ մի օր Տիրոջ հրեշտակն այցելում է նրանց և հայտնում, որ շուտով զավակ կունենան, ում անունը ողջ աշխարհում պիտի տարածվի, և նա օրհնյալ կլինի կանանց մեջ: Նրանց աղաչանքները լսելի են լինում Աստծուն, և Աստված պարգևում է մի աղջիկ, որին կոչում են Մարիամ:

Սբ. Մարիամի ծնունդից առաջ, Աննան արդեն ուխտել էր մանկանը նվիրել Աստծո ծառայությանը: Երբ մանուկը երեք տարեկան դարձավ, ծնողները նրան տարան տաճար ընծայելու`ըստ իրենց ուխտի: Բայց քանի որ երեխան փոքր էր, քահանայապետը Հովակիմին և Աննային ասաց, որ Մարիամին բերեն տաճար, երբ նա դառնա յոթ տարեկան: Սբ. Մարիամը տաճարում ապրեց յոթ տարի` սնվելով ու հասակ առնելով առաքինությամբ և աղոթքներով:

Այսօր ցնծան երկնայինքն. Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական

Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս.
երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր վերինն Սիովն գոչեն զերգս սրովբէիցն
զԵրեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր աստեղք եւ լուսին ընդ արեւու հրճուելով
գովեն զլոյսն ի Հօրէ յաւուր ծննդեան Լուսոյ Մօրն:

Այսօր ծերքն օրինականք մանկամբք նորոյ սիովնի
երիտասարդք եւ կուսանք խնդան ծննդեան Տիրուհւոյն:

Այսօր գունդք առաքելոցն եւ պարք նախատեսացն
յաւուր ծննդեան Մօր Բանին երգեն զփառս ի բարձունս

Հայ եկեղեցին նշում է ոչ միայն Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը, այլ նաև հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից տոնը, որն անշարժ տոն է և նշվում է դեկտեմբերի 9-ին: