Ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքերով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

2019 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:45-ին, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակչուհին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, թվով 3 իրեն անծանոթ անձինք, ներկայանալով որպես իրենց ընտանիքի ծանոթներ, խաբեությամբ ապօրինի մուտք են գործել իր տուն և զենքի գործադրմամբ իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել ոսկյա իրեր, կանխիկ գումար և թանկարժեք ժամացույց՝ պատճառելով խոշոր չափի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, և կայացվել որոշում՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին:

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Մայակովսկի գյուղի բնակչուհու թոռը և ևս 3 հոգի, ովքեր հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

Նախաքննության ընթացքում պարզվել է հիշյալ խմբի կողմից ավազակային հարձակում կատարելու այլ դեպքեր ևս: Մասնավորապես՝ խումբը ավազակային հարձակում է կատարել Աբովյան և Երևան քաղաքներում գործող խանութ սրահների, ինչպես նաև Երևան քաղաքի Զեյթուն թաղամասում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի վրա: Վերջիններս Արմավիր մարզի Մյասնիկյան գյուղում ևս ավազակային հարձակում են կատարել և քաղաքացուց գումար հափշտակել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործություն կատարած 4 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս