ՏԿԵ փոխնախարարը հանքարդյունաբերողների հետ քննարկել է պղնձաձուլարանի կառուցման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում դեկտեմբերի 9-ին քննարկվել են վերամշակող արդյունաբերության  կազմակերպմանը վերաբերող հարցեր, որին մասնակցել են  «Զանգեզուրի  ՊՄԿ», «Չաարատ Կապան», «Ագարակի ՊՄԿ», «Ախթալայի ԼՀԿ»,  «Թեղուտ» ՓԲ ընկերությունների  գլխավոր   տնօրենները, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն  ընդունելու համար և հույս հայտնել, որ այս բարդ նախաձեռնությունում պետությունը կարող է ոլորտի առաջատար ընկերություններին  որպես գործընկեր դիտարկել:

Լիլիա Շուշանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է հռչակել հանքարդյունաբերությունում, մասնավորապես, պղնձարդյունաբերությունում,  վերամշակման ամբողջական շղթայի ապահովման գործընթացը  և այս աշխատանքներում ակնկալում է հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությունը և՛ գիտելիքների, և՛ ներդրումների, և՛ մարդկային ռեսուրսների մասով: «Մեզ համար կարևոր է, որ դուք, որպես գործընկեր, ներգրավված լինեք այս աշխատանքներում և ներկայացնեք ձեր առաջարկներն ու մտահոգություններն այս նախաձեռնության վերաբերյալ»,-ասել է ոլորտը համակարգող փոխնախարարը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակման ամբողջական շղթայի ապահովմանը, պղնձաձուլարանի կառուցմանը, այս աշխատանքներում հանքարդյունաբերող ընկերությունների հնարավոր մասնակցությանը և ձևաչափին վերաբերող հարցեր:

Ընկերությունների տնօրենները  ողջունել են վերամշակող արդյունաբերությանը զարկ տալու   պետության նախաձեռնությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  վերջիններս  կուղարկեն այս շղթայում  մասնակցության վերաբերյալ  իրենց տեսլականը: