Դատավոր Մխիթար Պապոյանն ուրիշ ելք չուներ, քան հեռու մնալ այս գործից․ Սեդա Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

քաղաքական

«Դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկն անուղղակիորեն ցույց է տալիս, թե ընդունում է իրեն ներկայացված բոլոր փաստարկները: Կան կասկածներ, բայց դեռևս հանրության համար պարզ չէ, իրականում զրպարտությո՞ւն են Պապոյանի վերաբերյալ տարածված լուրերը, թե ոչ», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի միջնորդությանը, որը բավարարվել էր դեկտեմբերի 9-ի դատական նիստում:

Փաստաբանի կարծիքով՝ դատավոր Պապոյանն ուրիշ ելք չուներ, քան հեռու մնալ այս գործից, որովհետև դատական ակտն արդեն իսկ խոցելի է, իսկ հանրության մեջ տարածվել էր մի լուր, որը չի էլ հերքվել։ 

«Իմ կարծիքով դատարանը խուսափեց մտնել բանավեճերի մեջ, որովհետև որ կողմի օգտին էլ ինչ-որ բան արվեր, դա հետո շահարկման առիթ էր դառնալու։ Մեր կասկածները հիմնավոր էին շատ հարցերում, բայց ես չեմ գտնում, որ եթե դատավորը բավարարեց ինքնաբացարկը, դա նշանակում է, որ ընդունեց մեր բոլոր փաստարկները, հնարավոր է՝ որոշները ընդունեց։ Ամեն դեպքում, պետք չէ սա ընդունել, որպես ամեն ինչ ընդունելու եզրահանգում», - Նշեց Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանը նաև հավելեց․ «Կան դատավորներ, որոնք նախատրամադրվածություն ունեն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Մխիթար Պապոյանն էլ այն դատավորներից էր, որի մասին ասվում էր, որ կա այդպիսի հակվածություն, բայց չեմ կարող ասել, թե դա ինչ ազդեցություն կարող էր ունենալ դատական ակտի օբյեկտիվ ընթացքի վրա։ Բայց չէր բացառվում, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանի օգտին ինչ-որ բան աներ», - նշեց նա։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման դատական նիստի ընթացքում Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին:

Երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այս տարվա մայիսի 18-ին Հայաստանի երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացրեց, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, իսկ հետո նաև լրատվամիջոցները գրեցին, թե որոշումը այլ դատավորների հետ միասին գրել է Մխիթար Պապոյանը:
Պապոյանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, և ներկայումս ԱԱԾ-ում գործով նախաքննություն է ընթանում: Ըստ մեղադրողի, այս ամենը դատավորի անաչառությունը կասկածի տակ կարող է դնել:

Նշենք, որ ինքնաբացարկի միջնորդությանը միացել էին նաև տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները:

Դեկտեմբերի 9-ի դատական նիստի ընթացքում Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Սոնա Գրիգորյան