ORSIS-ը հանվել է Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների սև ցուցակից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Orsis ՊՆ

Ռուսական ORSIS զենք արտադրող ընկերությանը Հայաստանին զենք մատակարարող ընկերությունների սև ցուցակից հանել են: Այս մասին «РИА Новости» գործակալությանն ասել է Հայաստանում ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

 ORSIS-ը «սև ցուցակում» էր հայտնվել  ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի գնման մրցույթի տապալման համար։  

Ավելի ուշ ՌԴ առևտրաարդյունաբերության նախարարությունը նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անունով, որում ընկերության հետ կապված որոշումը որակվել էր «չմոտիվացված»:

Ավելի վաղ 24news-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում մրցույթի տապալման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող  «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ:

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշման գործողությունը, ըստ որի ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին»,- ասել է Սիրունյանը:

Նա նշել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցելու մրցույթների և մատակարարումներ իրականացնելու ՀՀ ուժային կառույցներին: