Փաստորեն, որ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր․ Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Նաիրա Զոհրաբյան

Փաստորեն, որ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ժամանակին, երբ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր, այլ մեզ պես շարքային երևանցի ու շատ էր ուզում, որ Երևանի այն ժամանակվա քաղաքապետը ոչ թե տոնածառերի, փուչիկների ու բանտիկների վրա փող «լվա», այլ քաղաքի կենսական խնդիրները լուծի, 2013 թվականի հոկտեմբեր 12-ին, ժամը 13.33-ին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել` «Այսօր 500 000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգեղ և տգետ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»:

Հայկ ջան, հենց հիմա գրիչս վերցրեցի ու ստորագրեցի քո էս ասած ամեն բառի ու տառի տակ:
Բայց մի բան եմ մտածում` վաղը, երբ «Տոնածառ փարթիի» համար ծախսած կլինես արդեն նախատեսված 700 հազար դոլարը, մենք ինչպիսի՞ Երևանում ենք արթնանալու:

Էս ի՞նչ կարգին երեւանցի կորցրեցինք»,- գրել է պատգամավորը։