ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 1200 եվրո վճարել քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ՄԻԵԴ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայցվորին 1200 եվրո վճարել: 

Հայցվորը՝ Կարինե Համբարձումյանը, հայցը ներկայացրել է 2011թ. hունիսի 27-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման պնդումով:

Համբարձումյանը, համաձայն սեփական հայցի՝ ապօրինի գաղտնի հսկողության օբյեկտ է դարձել, և որ այդ ճանապարհով ստացված ապացույցը դատական գործի շրջանակում իր դեմ է կիրառվել՝ այդպիսով դատական գործն անազնիվ դարձնելով:

Համբարձումյանը ՄԻԵԴ դիմելու ժամանակ իր պատիժն արդեն կրելիս է եղել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Նախքան ազատազրկումը, Համբարձումյանն զբաղեցրել է գաղութի պետի տեղակալի պաշտոնը։  2010թ. փետրվարի 2-ին կալանավորներից մեկը նրան մեղադրել է կաշառակերության մեջ:

Այնուհետև ոստիկանության նախաձեռնությամբ Համբարձումյանի նկատմամբ մեկ ամիս շարունակ գաղտնի տեսաձայնային հսկողություն է իրականացվել՝ կաշառակերության վերաբերյալ անհրաժեշտ ապացույցներ ստանալու նպատակով:

Հայցվորը ՀՀ կառավարությունից որպես բարոյական վնասի փոխհատուցում պահանջել էր 30 000 եվրո՝ հրաժարվելով դատական ծախսերի փոխհատուցումից, սակայն պատասխանող կողմը պահանջվող գումարը չափից ավելի է համարել: ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և ըստ այդմ՝ պատասխանող կողմը երեք ամսվա ընթացքում հայցվորին պետք է 1200 եվրո փոխհատուցի: