ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ԱԺ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Համաձայն լուսատախտակի՝ օրենքի կողմ քվերարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 33։ Թեև լուսատախտակին գրվեց, որ օրենքը չի ընդունվել․ անհրաժեշտ է ձայների 3/5-րդը։ 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ գործուղման մեջ գտնվող «Իմ քայլը» խմբակցության 18 պատգամավորներ նամակով թողել են իրենց համաձայնությունը սահմանադրական այս օրենքի հետ կապված։ 

Նշենք, որ ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: