Նախագահականում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման ՍարոյանիՆարեկ ԲեգլարյանիԱնի ԱթանեսյանիՋոն Հայրապետյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: 

«Ցանկանում եմ հիշեցնել, որ ձեր աշխատանքից շատ բան է կախված մեր երկրի թե՛ կայնության, թե՛ պետականության կառուցման իմաստով: Չկա պետություն, որտեղ որոշակի ինստիտուտներ կայուն չեն, որտեղ որոշակի ինստիտուտների նկատմամբ խորը հարգանք չկա, և այդ երկիրը կայուն է ու զարգացման հնարավորություն ունի»,-նշել է նախագահը՝ զարգացման կարևոր ինստիտուտներից մեկը համարելով հենց դատական համակարգը: Նախագահն ընդգծել է օրենքի և օրինականության պահպանման դերն ու կարևորությունը երկրում արդարության ու արդարադատության և դատարանների նկատմամբ վստահության տեսանկյունից:

«Օրենքները՝ սկսած Սահմանդրությունից, կենդանի են, երբ կիրառվում են: Եվ այդ կիրառությունը ձեր ձեռքերում է: Ձեր զգացմունքները, նախընտրությունները պետք է մի կողմ դրվեն, և դուք պետք է առաջնորդվեք միմիայն օրենքով: Միայն այդ դեպքում մեր քաղաքացիները կվստահեն պետական համակարգին, կվստահեն արդարադատությանն ու դատական համակարգին: Իսկ առանց դրա չենք կարող ունենալ կայուն երկիր, որը կարողանա դիմակայել փորձություններին: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է համարի, որ ճիշտ երկրում է ապրում,-ընդգծել է նախագահը: -Ձեզնից յուրաքանչյուրը և՛ օրենքի, և՛ պետության, և՛ պետականության դեմքն է: Մաղթում եմ, որ ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով»:

դատավոր