ԱԺ-ն ԵԱՏՄ-ի և Վիետնամի մաքսային մարմինների մասին օրինագիծն ընդունել է միաձայն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ԱԺ

ՀՀ ազգային ժողովն ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ օրենքի նախագիծը: 

Նախագիծը խորհրդարանում ընդունվել է միաձայն՝ 98 կողմ ձայնով:

Տեղեկատվության փոխանակումը համաձայնագրով նախատեսված է եղել իրականացնել 3 փուլով. առաջին փուլը՝ 2018-ի հոկտեմբերի 5-ին, երկրորդը՝ 2019-ի հոկտեմբերի 5-ին և երրորդը՝ 2021-ի հոկտեմբերի 5-ին: Սակայն ստորագրման պահին Հայաստանը ունեցել է վերապահում այն առումով, որ արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտնում դիվանագիտական խողովակներով պետությունների միջև փոխանակման և ներպետական համաձայնեցման բոլոր գործընթացներ իրականացնելուց և ԱԺ-ի կողմից վավերացնելուց հետո: Թեև արձանագրությունը նախատեսում էր նախնական տեղեկատվական փոխանակման փուլ դեռ 2018-ի հոկտեմբերի 5-ից, սակայն ՀՀ-ն այս արձանագրության շրջանակում տեղեկատվության փոխանակման չի մասնակցել:

Արձանագրությունով սահմանվում են այն ապրանքների խմբերը, որոնց վերաբերյալ պետք է լինի տեղեկատվության փոխանակում: Տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով, այսինքն՝ հանձնաժողովն է լինելու այն մարմինը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է տեղեկատվությունը փոխանակի Վիետնամի կենտրոնական մաքսային մարմնի միջև: Նախատեսվում է, որ տեղեկատվությունը պետք է փոխանակվի մաքսային մարմնի կողմից այդ տեղեկատվությունը հայտնի դառնալու պահից սկսած 4 ժամվա ընթացքում: