Դահլիճից հուշեցին՝ «վտարանդի», իսկ ճիշտը՝ «մեկուսացվածն» է․ Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

բակո

«Նորմալ եմ վերաբերվում քննադատություններին, ընդունում եմ իմ հասցեին մեղադրանքները, այժմ էլ պնդում են նույնը՝ բայց այլ ձևակերպմամբ», - անդրադառնալով նախօրեին արած իր այն հայտարարությանը, թե ծխող մարդը մեր հասարակությունում պետք է դառնա վտարանդի՝ լրագրողներին հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Ի սկզբանե ընտրել էի այլ բառ՝ իզգոյ, որը նույնպես դիպուկ չէր, փոխարինող բառ հայերենում չկա, ինձ դահլիճից հուշեցին, միտքս շարունակեցի վտարանդի բառով»,– արդարացավ նա՝ հավելելով, որ ճիշտ կլիներ օգտագործել «մեկուսացված» բառը, որը ելույթի պահին իր մտքին չեկավ։

«Իմ ասելիքն ուղղված էր ավելի շատ մեկուսացված լինելուն։ Փոքր ինչ մեկուսացված պետք է լինեն ծխողները, չի կարելի հանրային վայրերում պրոպագանդել ծխախոտը, նստել հարմար կոմֆորտ բազկաթոռին, ծխել, իսկ հետո երեխաներին ասել, որ ծխելը վատ բան է։

Ծխողը նախ իր տան մեջ պետք է լինի մեկուսացված, դուրս գա պատշգամբում ծխի, ոչ թե իր տանը բազկաթոռին նստած ֆիլմ դիտի ու ծխի»,– մանրամասնեց իր միտքը  պատգամավորը։

Հարցին՝ արդյո՞ք ինքը չի ծխում, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ես երբեմն ծխում են՝ շատ քիչ, երեկոյան»։