«Բոքոնիկի», «Ֆլեշի» վրա ավազակային հարձակումները բացահայտվել են, նույն խումբն էր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ավազակ

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն վարչության հատկապես կարևոր գործեով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանն ու Հուսիկ Կարապետյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանի, Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանի, 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչների միջնորդությունները և նշված անձինք կալանավորվել են։ Վերջիններս կասկածվում են վերջին օրերին հանրապետությունը ցնցած դիմակավորված, զինված զենքի նմանվող առարկաներով ու դանակներով մի քանի ավազակային հարձակումներ կատարելու համար։

Քննիչները հայտնաբերել են նաև գողացված ապրանքների մի մասը, ինչպես նաև դիմակներ, որպես զենք օգտագործվող զենքեր ու դանակներ։

Ըստ աղբյուրի՝ կալանավորվածներից Է. Խուրշուդյանը ավազակային հարձակման ենթարկվածներից Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ 75-ամյա Մանյա Խ․-ի թոռն է, իսկ Գ. Մեսրոպյանն ու Ա. Հովհաննիսյանը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Ավելի վաղ աղբյուրը նաև հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները Շիրակի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Կոտայքի բաժին էին բերման ենթարկել 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանին, 21-ամյա Անդրանիկ Խլղաթյանին և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանին, իսկ մինչ այդ էլ Աբովյանում հայտնաբերել ու բերման էին ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանին:

Բերման ենթարկվածներից Ա. Հովհաննիսյանը, Ա. Խլղաթյանը և Գ. Մեսրոպյանը եղել էին Opel մակնիշի ավտոմեքենայով, իսկ նրանց մոտ հայտնաբերվել էր գողացված ապրանքներ, դիմակներ: Վերջիններս, ինչպես նաև Է. Խուրշուդյանը, կասկածվում էին դեկտեմբերի 6-ին դիմակավորված, զինված ավազակային հարձակում կատարելու մեջ, երբ նշված անձինք ժամը 17:20-ի սահմաններում ներս էին մտել Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցի 38 տուն, որտեղ տանտիրուհու՝ 75-ամյա Մանյա Խ.-ի վրա զենքեր պահելով, սպառնալիքով հափշտակել էին ոսկյա իրեր, գումար, թանկարժեք ժամացույց ու դիմել փախուստի՝ տարեց կնոջը պատճառելով մոտ 2 մլն դրամի վնաս:

Օպերացիայի անունը ընտրվել էր «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի», քանի որ մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները իրավաբանի հմուտ «հոտառության» արդյունքում եկել էին այն եզրակացության, որ տատիկը միայն իրեն ծանոթ անձանց դեմ տան դուռը կբացեր ու հավատացած էին, որ տան անդամներից ինչ-որ մեկի մատը խառը կլիներ այդ գործում: Պարզվել էր՝ Է. Խուրշուդյանը Մանյա Խ.-ի թոռն է:

Դեպքի փաստով խմբի 4 անդամներն էլ ձերբակալվել էին: Պարզվել էր, որ այդ խումբը նմանատիպ մի քանի ավազակային հարձակումներ էլ էր կատարել, այդ թվում՝ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա խանութում, Երևանի «Ֆլեշ» բենզալցակայանում, Աբովյան քաղաքում, մեկն էլ Արմավիրի մարզում:

Կային կասկածներ, որ նրանք նմանատիպ այլ դեպքեր արած լինեին: Օպերացիան ղեկավարել էին Կոտայքի մարզի ոստիկանապետ Ս. Քոչարյանն ու քննչական վարչության պետ Մ. Վարդանյանը, և նույնիսկ Շիրակի մարզում, երբ իրենց գործընկերների հետ դարանակալել էին մոտ 1 կմ տարածք, Ս. Քոչարյանի գլխավորությամբ օպերատիվ խումբը ոտքով էր անցել՝ եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով, քանի որ տեսանելիությունը եղել էր շատ վատ ու մառախուղն անգամ չէր մոլորեցրել իրավապահներին: