«Բացառիկ Ամանոր ենք ունենալու». Փաշինյանը դեկտեմբերի 31-ի գիշերը հրավիրում է հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնում է, թե ինչ նպատակով են 271 միլիոն դրամ հատկացրել  ամանորյա միջոցառումների կազմակերպմանը։

Ըստ նրա՝ առաջին նպատակն է, որ հնարավորինս մեծ թվով ՀՀ քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում․

«Կառավարությունը ամանորյա միջոցառումների համար մոտ 270 միլիոն դրամ է հատկացրել, սակայն խնդիրը բացարձակապես ուտելու-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցների վրա գումար ծախսելը չէ, որովհետև մենք սրանով լուծում ենք և այս ավանդույթը շարունակելով՝ պետք է լուծենք սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիրներ։

Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են ՀՀ-ից դուրս, ինչը շատ լուրջ խնդիր է, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են։ Մենք խնդիր ենք դրել, որ հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում։ Երևանում ահա այս միջոցառումների կոմպլեքսն ունի այդպիսի նպատակ։

Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեկ տարում այդ խնդիրը ամբողջապես չենք լուծի, և այս ավանդույթն ամեն տարի պետք է ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանա»,-ասել է Փաշինյանն ու նշել, որ խնդիրը դեպի Հայաստան տուրիստների հոսքն ավելացնելն է․ «Հիմա, փառք Աստծո, բավականին մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, և մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների հոսքը, որ Հայաստանը տուրիստների համար սեզոնայնություն չունենա»։

Փաշինյանը նաև նշել է, որ պետք է սրբագրումներ անել Ամանորի բովանդակության և դրա սոցիալական ազդեցության մասով․ «Օրինակ՝ շատ է խոսվում այն մասին, թե արժի՞ այդքան գումար ծախսել, երբ երկրում այդքան սոցիալապես անապահով կամ ոչ անապահով մարդիկ կան։ Այդ միջավայրը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով նաև հենց առաջին հերթին ամենօրյա ավանդական ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն է տալիս, որ իրենց ունեցած հնարավորություններրի սահմանում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Երևանի կենտրոնում։ Նկատի ունեմ, որ այդ հատվածում նաև աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են արագ սննդի կետեր։ Մարդիկ կարող են իրենց երեխաներին վերցնել, գալ․  Երևանի 2750-ամյակի այգում լինելու են տաղավարներ, որտեղ վաճառվելու են բրդուճներ, հոթ-դոգեր, համբուրգերներ, եւ մարդիկ կարող են մեկ բրդուճով եւ մեկ բաժակ գինիով իրենց երեխաների հետ գեղագիտական այդ նոր միջավայրում շրջելով, համերգ լսելով, թանգարան մտնելով բոլորովին նոր որակի մթնոլորտ ստանալ Ամանորը նշելիս»։

Նիկոլ Փաշինյանը նաև կարծում է, որ նոր հայկական երգը պետք է պոպուլյար դառնա․ «Խանդով էի վերաբերվում, որ ամանորյա տոներին գլոբալ երգերն ու երաժշտությունն ավելի պոպուլյար են, և ոչ թե հայկականը, և ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի, ինչպես նաև ծննդյան տոնակատարությունների համար, և պետք է նոր երգ գրելու ավանդույթը շարունակենք այնքան ժամանակ, որ նոր երգը այնքան պոպուլյար լինի Հայաստանում, որքան jingle bells-ը կամ happy birthday-ը»։

Փաշինյանը նաև նշել է, որ նոր երգ կա Ամանորի հետ կապված, որը կներկայացվի Հանրապետության հրապարակում, ապա ցանկություն է հայտնել, որ ՀՀ-ում ծնվի մի երգ, որն իր հանրահռչակությամբ  կմրցի Jingle bells-ի կամ Happy birthday-ի հետ։