Կոստանյանի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալի խափանման միջոցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Կոստանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի փաստաբանը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշումը՝ պահանջելով վերացնել այն։ 24News-ն այդ մասին տեղեկացավ Գևորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանից։ Վերջինս նշեց, որ  բողոքը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին, որի պատասխանը պարզ կլինի 10-օրյա ժամկետում։ 

«Հույս ունենք, որ Վերաքննիչ դատարանը արդար որոշում կկայացնի»,-ասաց նա։

Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու մեջ։

ՀՔԾ-ն նոյեմբերի 25-ին հետախուզում էր հայտարարել Կոստանյանի նկատմամբ, սակայն միայն 10 օր անց՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց նրան մեղսագրվող հոդվածները։ 

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց նոյեմբերի 28-ին, և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչն էլ բավարարվեց դեկտեմբերի 4-ին։

Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն մեղսագրվող արարքները։

«ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար», - հայտարարեց նախկին գլխավոր դատախազը։