Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանին մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սերժ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը մերժվել է։ 24News-ն այդ մասին տեղեկացավ դատախազության հանրային կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից։ 

Հարցին, թե ինչ հիմքով է մերժվել, Արևիկ Խաչատրյանը պատասխանեց, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ բողոքն անհիմն է եղել։ 

«Մերժման հիմքում դրվել է ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հանգամանքն այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից: Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատախազը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ս. Սարգսյանին վերապահված լիազորություններից, որոնք անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը»,-ասաց նա։

24News-ը կապ հաստատեց նաև Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ ինքը դեռևս որևէ պաշտոնական պատասխան չի ստացել դատախազությունից, հետևաբար, որևէ մեկնաբանություն տալ չի կարող։