Այսօր պատրիարք չընտրեցիք, Աստծո և ազգի առաջին ծառա ընտրեցիք․ Պոլսո նորընտիր պատրիարք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

«Պոլսի Հայոց պատրիարքարանը նոր կազմով, նոր ծրագրերով ու նախաձեռնություններով նոր համայնք կկերտի», - հայտարարեց Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը դեկտեմբերի 11-ին՝ Սբ Աստվածածին Մայր տաճարի ներսում՝ դիմելով համայնքի ներկայացուցիչներին, հոգևորականներին:

«Նորության կարիք կա՝ հոգեպես ու մտքով: Մեր հաստատությունները նորոգվելու կարիք ունեն, իմ ընտրությունն առաջին քայլը պետք է լինի: Առաջնորդության օրինակ ունենք մեր առջև՝ Հիսուս Քրիստոսը, որ իր աշակերտների ոտքերը լվաց, ցույց տվեց՝ ինչպես լինել բարի հովիվ: Այսօր պատրիարք չընտրեցիք, Աստծո և ազգի առաջին ծառա ընտրեցիք»,- ասաց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

«Իսկ այժմ պետք է խնդրեմ՝ աղոթեցեք ինձ համար: Երբ կտեսնեք, որ ձեր պատրիարքը տկարանում է, ավելի շատ աղոթեք: Այն, որ խաղաղությամբ մենք պատրիարք ընտրեցինք, բազմահազար մարդկանց աղոթքների շնորհիվ եղավ»,- նշեց նորընտիր պատրիարքը և շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակցություն ունեցածներին, ինչպես նաև պատրիարքի մյուս թեկնածուին՝ Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և նրա կողմնակիցներին:

Նշենք, որ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Ընտրությունը կատարվել է դեկտեմբերի 11-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում: