Ծննդյան վկայականով երկրից դուրս գալ հնարավոր չէ. անձնագրային և վիզաների վարչություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ԱՍ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից հետևյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով քաղաքացիներին.

«Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Ճամփորդել ցանկացողներին խնդրում ենք նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները, եթե ոչ բիոմետրիկ անձնագիր է, դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ. անհրաժեշտ է վավերական անձնագիր (անկախ տարիքից):

Անհրաժեշտ է իմանալ նաև, որ հին նմուշի անձնագրի 10 տարյա վավերականության ժամկետը լրանալու պատճառով այն ևս 5 տարով երկարաձգված լինելու դեպքում ճամփորդելիս առաջանում են խնդիրներ. շատ երկրներ չեն ընդունում այդ փաստաթուղթը: Հետևաբար, նման անձնագիր ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս դիմել և փոխանակել այն:

Բացի այդ, անհրաժեշտ է հավաստիանալ, կոնկրետ դեպքում տվյալ պետությունը թույլատրում է արդյոք 6 ամիսից պակաս վավերական անձնագրով մուտք գործել երկիր»: