ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը հարաբերությունների զարգացում են ապրում. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՒԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐ, 24News 

Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև հարաբերությունների դրական դինամիկա կա, և եթե տարիներ առաջ ԵՄ-ն ուղղակի չէր ճանաչում ԵԱՏՄ գոյությունը, ապա այսօր փոխգործակցությունը զարգացում է ապրում։ Ինչպես հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայությունը, այդ մասին չորեքշաբթի՝ Մոսկվայում, Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի և Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի կողմից կազմակերպված «ԵԱՏՄ- 5  տարվա թռիչքն արդյո՞ք բավարար էր» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասել է ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը։ 

«4 տարի առաջ մենք սկսեցինք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ այն պայմաններում, երբ վերջիններս չէին ճանաչում ԵԱՏՄ գոյությունը։ Այս տարիների ընթացքում մենք զգալի առաջընթաց ունեցանք։ 2017 թ-ին ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն տվեցին տեխնիկական երկխոսության մեկնարկն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են տեխնիկական կարգավորումներն ու առևտուրը։ Այսօր այդ երկխոսությունն իր մեջ ներառում է բազմաթիվ այլ ոլորտներ՝ խորհրդատվություն, հարցումներ, փոխադարձ այցելություններ, տեսակամուրջներ և այլն։ Այսինքն, մենք ոչ միայն լուծեցինք ԵՄ-ի կողմից մեր Միությունը ճանաչելու հարցը, բայց և լրացրեցինք փոխհարաբերությունները լուրջ բովանդակությամբ», - ասել է Սարգսյանը։ 

ԵՏՀ նախագահի խոսքերով, այս օրերին իրենք աշխատում են Եվրասիական ինտեգրացիայի նոր ռազմավարության շուրջ, որը դեկտեմբերի 20-ին առաջարկվելու է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին Սանկտ-Պետերբուրգում ծրագրված Միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։ 

«Չնայած տարածված որոշակի կարծիքին, որ ԵԱՏՄ-ն քաղաքական բաղադրիչ ունեցող կառույց է, մեր գործընկերներն արդեն համոզվում են, որ Միությունը տնտեսական խոր բովանդակություն ունեցող և համաշխարհային թրենդներին համապատասխանող տարածաշրջանային տնտեսական միավորում է։Կյանքն է մեզ թելադրել ստեղծել միացյալ տնտեսական տարածք՝ կապիտալի, ապրանքների, աշխատուժի և ծառայությունների ազատ տեղաշարժն ապահովելու համար», - համոզմունք է հայտնել Տիգրան Սարգսյանը։ 

Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի նախագահ Ալեքսիս Ռոդզյանկոն իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում ԵՏՀ-ի գործունեությունն ու իրենց կառույցի հետ համագործակցության մակարդակը։ 

«Սա արդեն 7-րդ համաժողովն է, որ մենք անցկացնում ենք ԵՏՀ-ի հետ։ Մենք բարձր ենք գնահատում այս համագործակցությունը, որը շատ կարևոր է մեր Պալատի անդամ միջազգային ընկերությունների համար՝ խորացնելու աշխատանքները ԵԱՏՄ տարածքում։ Պարբերական դարձած հանդիպումների ժամանակ մենք քննարկում ենք ԵԱՏՄ-տնտեսական, ֆինանսական ու առևտրային քաղաքականության հետ կապված հարցեր, ինչպես նաև  բիզնեսի համար ստեղծվող նոր հնարավորություններ, որոնք ազդում են ինտեգրացիոն միավորումների վրա», - ասել է նա։